
Հայ Առաքելական եկեղեցին մատուցեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում այսօր՝ 17։00-ին, մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ։
Հայ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Տոնի նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով: Հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, սկսվում է Ս. Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Նոր Տարվա տոնը: Պահքից դուրս ենք գալիս հունվարի 5-ին: Այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ:
Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախատոնակին: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
Հայ առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար տոներին հաջորդող օրը մեռելոց է: Տաղավար տոներից է նաև Սուրբ Ծնունդը, որը նշվում է հունվարի 6-ին: Եկեղեցիներում մատուցվող պատարագից հետո պետք է այցելել հարազատների և մտերիմների գերեզմաններ: