ՀայաստանՍոցիալականՍփյուռք

Հայրենադարձության տեմպերն աճում են․ նախորդ տարի 2800 հայրենակից դիմել է հայրենադարձության կենտրոն

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատակազմի Հայրենադարձության և ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ վերջին չորս տարում Հայաստանում ակտիվության աճ է նկատվում հայրենադարձության ոլորտում։

Ալեքսանյանը նշել է, որ 2024 թվականին հայրենադարձության և ինտեգրման կենտրոն է դիմել 2800 հայրենակից։ Նրանցից 1800-ը ստացել են խորհրդատվություն, ևս 980-ը՝ աջակցություն տարբեր հարցերի վերաբերյալ։

Վարչության պետն անդարադարձել է նախորդ տարվա կատարած աշխատանքներին։ Նա նշել է, որ հինգ թեմատիկ հանդիպում են անցկացրել։ Դրանք նվիրված էին հայրենադարձների բիզնեսի բացմանը, աշխատանքի տեղավորմանը, աշխատանքի տոնավաճառներին, լրացուցիչ ուսուցմանը, հիփոթեքային վարկավորմանը և զինվորական ծառայության կարգին։ Կազմակերպվել են նաև վարպետության դասեր, ուսուցման և վերապատրաստման դասընթացներ: Հայոց լեզվի դասընթացներն ավարտել է 202 հայրենադարձ, սեմինարներն ու ինտեգրման դասընթացները՝ 92, իսկ ՏՏ ոլորտում անվճար ուսուցում է անցել 25 հայրենադարձ:

Երևանում 2023 թվականի ամռանը պաշտոնապես բացվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը: Կենտրոնը հայրենադարձներին խորհրդատվական ու գործնական աջակցություն է տրամադրում տարբեր ուղղություններով։ Կենտրոնի աշխատակիցը նախապատրաստում և ուղեկցում է հայրենադարձին ողջ ընթացքում, նրան է ներկայացնում ու ծանոթացնում իրավական գործընթացներին, կրթական, առողջապահական, մաքսային, զբաղվածության, բիզնես գործունեություն ծավալելու և այլ հարցերում։

Կենտրոնն առաջարկում է հայերենի անվճար դասընթացներ, ինտեգրման ու իրազեկման անվճար սեմինարներ, օնլայն և օֆլայն տարաբնույթ միջոցառումներ, տեղեկատվական, կապերի հաստատման ու պոտենցիալ գործատուների հետ շփումներ և այլն:

Հովհաննես Ալեքսանյանը հավելել է, որ Ազգային ժողովում է այս պահին հայրենադարձության մասին դեռևս չընդունված օրենք։