
Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ արգելվեց ևս 6 ամսով
Կառավարությունը դեկտեմբերի 27-ի նիստի ժամանակ նոր որոշում է ընդունել սիգի ձկնկիթի դեմ։ 2025 թվականի հունվարի 2-ից ևս 6 ամսով արգելվեց Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը ԵԱՏՄ և այլ երկրներ։
Որոշման հիմնական պատճառը Հայաստանի պարենային անվտանգությունից է բխում, ինչպես նաև Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից։
Սևանա լճում սիգի որսի կանոնակարգման գործընթացից հետո նկատվում է սիգի կենսազանգվածի աճ։ Այն հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում սիգի որսի իրականացում: Որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ այն պիտի ծանուցվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։
Վերջին անգամ Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը ևս 6 ամսով արգելվել էր այս տարվա հուլիսի 2-ից։ մինչդեռ սիգի որսը կառավարությունն արգելում է ամեն տարի ձվադրման շրջանում` դեկտեմբեր–հունվարին։ Իսկ տարիներ առաջ սիգի որսն ընդհանրապես արգելված էր։ Եթե 2020 և 2021թթ–ին սիգի որսի թույլտվություն տրվում էր նաև ֆիզիկական անձանց, ապա այսօր պետությունը նման իրավունք տալիս է միայն իրավաբանական անձանց` ԱՁ–ների ու կազմակերպությունների։
2022 թվականին Սևանից թույլատրվել էր որսալ ընդհանուր 600 տոննա սիգ։ Շուրջ 555 տոննան մինչև դեկտեմբերի 1-ն արդեն որսվել էր: 2022 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը սիգի որսի խիստ արգելք է սահմանված` կապված ձվադրման շրջանի հետ։