ԱշխարհՏնտեսություն

Ռուսական գազի մատակարարումը Եվրոպա Ուկրաինայի տարածքով դադարեցվել է

Հունվարի 1-ից ռուսական գազի մատակարարումը Եվրոպա Ուկրաինայի տարածքով դադարեցվել է: Սրա մասին հաղորդում է «Գազպրոմը»։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարը Ռուսաստանից դեպի Եվրոպա գազի արտահանման ամենահին ուղին է։ Այն նախատեսվում էր փակել 2024 թվականի վերջին, երբ պայմանագրի ժամկետն ավարտվեր: Ռուսաստանը սկսել է նվազեցնել գազատարով գազի հոսքը 2019 թվականի դեկտեմբերին «Գազպրոմի» և ուկրաինական «Նավթոգազի» միջև կնքված պայմանագրի ժամկետի ավարտից մի քանի ժամ առաջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի վերջին հայտարարել էր, որ թույլ չի տա Ռուսաստանին օգուտ քաղել Ուկրաինայի տարածքով գազի տարանցումից՝ բացառելով նաև այդ գազը ադրբեջանականի անվան տակ Եվրոպա առաքելու առաջարկվող սխեմաները։ Չնայած պատերազմին՝ Մոսկվան շարունակում էր Ուկրաինայով գազ մատակարարել դեպի Եվրոպա՝ 2019 թվականին կնքված պայմանագրի շրջանակներում: