ՀայաստանՏնտեսություն

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ 2024 թվականին կառուցվել և նորոգվել է շուրջ 130 կմ ոռոգման ցանց

Սուբվենցիոն ծրագրով 2024 թվականին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցմանն ու նորոգմանը հատկացվել է 6.38 մլրդ դրամ, նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ։ Սրա մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նա հավելել է, որ ոռոգման համակարգերի կառուցում ու նորոգում ծրագրով՝ 5.14 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, կառուցվել և նորոգվել է շուրջ 130 կմ ոռոգման ցանց։

Ավելի վաղ Խուդաթյանը հայտնել էր, որ բոլոր բնակավայրերի համաչափ և կայուն զարգացում ապահովելու, համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական համաֆինանսավորման ծրագրով 2024 թվականին համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր, որից 31.8 մլրդ դրամ հատկացվել է պետական բյուջեից, շուրջ 25.6 մլրդ դրամը վճարվել է համայնքների բյուջեներից և 1.6 մլրդ դրամ՝ այլ ներդրողների կողմից։ Սա 2023 թվականի նույն ցուցանիշից ավել է 1 մլրդ դրամով։

Համայնքները 2024 թվականին նախորդող տարիների շարունակական աճի համատեքստում սեփական եկամուտները պլանավորված 41.2 մլրդ դրամի դիմաց փաստացի հավաքագրել են 43.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 2.2 մլրդ դրամով կամ 5.3%-ով։ Ընդ որում, 2023 թվականի փաստացի հավաքագրված 41.6 մլրդ դրամի դիմաց ավել է հավաքագրվել 1.8 մլրդ դրամ։ Աճը կազմել է 4.1%։

Ըստ Խուդաթյանի՝ համայնքների սեփական եկամուտների աճին նպաստել են նաև ՀՀ հարկային օրենսգրքով տեղական բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի հաշվարկման համար նախանշված կարգավորումները։