ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նպատակով քննարկվում են նաև ռուսականն ու ամերիկյան մոդելների առաջարկները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նպատակով քննարկվում են տարբեր առաջարկներ՝ հաշվի առնելով դրա տնտեսական ֆինանսական բաղադրիչներն ու այն ժամանակահատվածը, որի ընթացքում հնարավոր կլինի այն գործարկել։

Նախարարը հավելել է, որ քննարկվում են ոչ միայն ռուսական, ամերիկյան, այլ նաև տարբեր երկրների ատոմակայանների մոդելների առաջարկներ, սակայն վերջնական որոշում դեռ չկա։

Խուդաթյանը նշեց, որ Կառավարությունը նոր ատոմակայանի կառուցման նպատակով գերատեսչություն կստեղծի։ Այն կզբաղվի հայտերի պատշաճ ուսումնասիրությամբ, ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ, ինչպես նաև շինարարական աշխատանքների որոշակի հսկողությամբ ու  տեխնիկական բնութագրերը կազմելով։

2024 թվականի օգոստոսի 1-ին Կառավարությունը որոշում էր ընդունել ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին։ ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել էր, որ ընկերությունը կստեղծվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ուղեցույցի հիման վրա, կլինի նախարարության ենթակայության տակ, կֆինանսավորվի պետբյուջեից։

Սանոսյանն այն ժամանակ ասել էր նաև, որ կազմակերպությունը որպես պատվիրատու և հսկող մարմին կիրականացնի ողջ շինարարական պրոցեսը, ապա կհանդիսանա նոր ատոմային էներգաբլոկի շահագործողը։

Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման երկարաձգված ժամկետի ավարտին 12 տարի է մնացել։ Ատոմակայանն արտադրում է Հայաստանում ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ամռանը նշել էր, որ Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցով բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ: Նա ասել էր, որ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ առարկայական քննարկումների փուլում է նոր ատոմակայանի կառուցման հարցով։