ՀայաստանՏնտեսություն

Սիգի և խեցգետնի որսի համար բնապահպանական վճարները 4 անգամ կթանկանան

Հայաստանում սիգի և խեցգետնի որսի համար բնապահպանական տուրքերը կավելացվեն 4 անգամ, իսկ կենդանիների և թռչունների որսի համար՝ 2 անգամ։ Նախագիծը հավանության է արժանացել կառավարության կողմից։ Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Մասնավորապես, սիգի բնօգտագործման վճարումները կաճեն 1 կգ սիգի համար՝ 50 դառնալով 200 դրամ, նույն դրույքաչափը նախատեսվում է կիրառել նաև խեցգետնի համար։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 1 կիլոգրամ սիգ ձկնատեսակի մանրածախ վաճառքի միջին գինը Հայաստանում կազմում է մոտ 1000 դրամ, իսկ սառեցված սիգն արտահանվում է մեկ կգ-ն մոտ 1400 դրամով։ Բնօգտագործման վճարը միջինում կազմում է սիգի վաճառքի գնի ընդամենը 5.7 տոկոսը։ Հետևաբար՝ գործող բնօգտագործման վճարի ցածր դրույքաչափը չի նպաստում կենսապաշարների՝ մասնավորապես սիգ ձկնատեսակի ողջամիտ օգտագործմանը։

Սա անհրաժեշտ է որսի և ձկնորսության մասշտաբները սահմանափակելու և երկրի կենսառեսուրսները պահպանելու համար: Այն ուժի մեջ կմտնի 2026 թվականին։