ՀայաստանՏնտեսություն

Զբոսաշրջիկների թիվը 2024 թվականին 2023-ի ցուցանիշի նկատմամբ նվազել է 7 տոկոսով

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 2024 թվականի աշխատանքների ամփոփիչ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների հոսքին՝ նշելով, որ 2024 թվականին Հայաստան է այցելել շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ:

Նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 7 տոկոսով նվազել է 2023-ի ցուցանիշի նկատմամբ։ Ըստ նախարարի՝ նվազել է միայն Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը: Օրինակ՝ Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Կառավարության նպատակն է 2026-ի համար տարեկան ունենալ 2.5 մլն զբոսաշրջիկ: 

2024 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի տվյալների համաձայն՝ դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվում են Ռուսաստանից (43%), Վրաստանից (11%) և Իրանից (7%):

Չնայած Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների նվազմանը՝ Հայաստանն ընդգրկվել էր Նոր տարվա օրերին ռուսաստանցիների հանգստի համար ամենապահանջված ուղղությունների հնգյակում։ Ռուսաստանցիների 7 տոկոսը այցելում է Հայաստան ամանորին։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 2024 թվականի դեկտեմբերին հայտնել էր որ Հայաստանում նախատեսվում է կառուցել զբոսաշրջային նոր կլաստերներ, որոնց իրականացմանը կտրամադրվի 100 մլն դոլար։ Դրանց նպատակն է խթանել զբոսաշրջային ոլորտի զարգացմանը և նպաստել երկրի տնտեսական առաջընթացին։ Կլաստերները կառուցվելու են Հայաստանի մարզերում։ Ծրագիրն իրականացվում է համաշխարհային բանկի աջակցությամբ։