ՀայաստանՏնտեսություն

Հոկտեմբերի 1-ից Հայաստանում կգործի QR վճարումների միասնական համակարգ

Կենտրոնական բանկը որոշել է QR վճարումներն իրականացնել միասնական համակարգով։ Սահմանվել է QR կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ։ Այն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից:

Համակարգը նախատեսված կլինի առևտրի և/կամ ծառայությունների մատուցման կետերում առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղադրված մեկ միասնական QR պատկերի միջոցով հնարավոր դարձնելու վճարումները բոլոր այն ֆինանսական կազմակերպությունների հավելվածներով, որոնք տրամադրում են QR-ով վճարման հնարավորություն:

Հայաստանում գործում են QR կոդերի միջոցով վճարումներ։ Տարբերությունն այն է, որ յուրաքանչյուր օպերատոր (բանկեր կամ վճարային համակարգեր) օգտագործում է իր կոդը։ Դրանով հնարավոր է վճարել միայն իր հավելվածից: Կենտրոնական բանկի պահանջում է, որ հոկտեմբերի 1-ից բոլոր օպերատորները օգտագործեն մեկ QR կոդ:

Սրա նպատակն է QR կոդի միջոցով վճարումների կամ փոխանցումների գործընթացը դարձնել հարմար և արդյունավետ ինչպես վճարողների և ծառայություն մատուցողների, այնպես էլ ֆինանսական կազմակերպությունների համար:

QR կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջը գործելու է բացառապես վճարային QR-ների համար և չի վերաբերելու ապրանքային QR-ների կիրառելիությանը (այդ թվում՝ հանրային տրանսպորտում կիրառվող QR-ին):