
Կսահմանվի շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման կարիք չի լինի
Եկամուտների հայտարարագրման համակարգի համատեքստում պետությունը մտադիր է սահմանել շեմ, որից ցածր փոխանցումների հայտարարագրման պահանջ չի լինի։ Սրա մասին 2024-ի արդյունքներն ամփոփող ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Որպեսզի քաղաքացիներն ավելի հեշտ կարողանան հայտարարագիր ներկայացնել, ՊԵԿ-ը իրազեկման պլան ունի։ Կոմիտեն նաև մարզեր կայցելի, իրենց սպասարկման սրահներում կլինեն իրազեկման թերթիկներ, թե ինչպես հայտարարագիր լրացնել:
Հակոբյանը հայտնել է, որ առաջիկա օրերին հանդես կգան հայտարարությամբ, թե մինչև որ շեմերի փոխանցումները կարող են չհայտարարագրվել կամ որ շեմից բարձրերը պետք է հայտարարագրվեն։
ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև նվիրատվություններին՝ նշելով, որ դրանք չեն հարկվում, բայց քաղաքացիները պարտավոր են հայտարարագրել:
Մինչև 2025 թվականի մայիսի 1-ը բոլոր աշխատողները (բացառությամբ օտարերկրյա քաղաքացիների) պետք է հարկային հայտարարագրեր ներկայացնեն Հայաստանում։
Ազգային ժողովը 2022 թվականի դեկտեմբերին ընդունեց քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու նախագիծը, ըստ որի՝ բոլոր հայաստանցիները 2025 թվականից պարտավորված կլինեն տարեկան մեկ անգամ իրենց եկամուտների մասին հաշվետվություն ներկայացնել պետությանը։