ՀայաստանՏնտեսություն

Առաջարկվում է կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին թույլ տալ կառավարել նաև մասնագիտացված այլ ֆոնդեր

Ազգային ժողովում քննարկվում է նախագիծ, ըստ որի՝ կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին կարող են թույլ տալ կառավարել նաև մասնագիտացված այլ ֆոնդեր։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը անհրաժեշտ է համարում ընդլայնել կենսաթոշակային ֆոնդերի հնարավորությունները, քանի որ կուտակային համակարգը իր գործարկման 10 տարիներին մեծ աճ է գրանցել։

ԿԲ նախագահի խոսքով՝ այս նախագիծը մի քանի կարևոր խնդիր է լուծում։ Նախ՝ վերացվում է թղթային հաղորդակցությունը պետական ֆոնդերի և մասնակիցների միջև՝ ամբողջ ծանուցումների համակարգը դարձնելով էլեկտրոնային։ Բացի այդ, առաջարկվում է թույլատրել կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին ղեկավարել ավելի մասնագիտացված ներդրումային ֆոնդեր։ Նախկինում նման թույլտվություն չկար, քանի որ առաջնային նպատակն էր, որ նրանք կենտրոնանան Հայաստանի կուտակային ֆոնդերի կառավարման վրա։

Նուրբեկյանը հավելել է, որ կառավարիչների ներուժն առավել արդյունավետ պետք է օգտագործել՝ հնարավորություն տալով գրանցել և կառավարել այլ մասնագիտացված ֆոնդեր։ Այն կապիտալի շուկայի զարգացման համար մեծ նշանակություն կունենա։

Նա նաև անդրադարձել է Հայաստանում ներդրված ֆոնդերին՝ նշելով, որ այդ ֆոնդերի 65 տոկոսի կեսից մի քիչ ավելին պետական պարտատոմսերում է ներդրված, այսինքն՝ պետության մեջ են ներդրումներ արված։ Մնացածի մոտ 70 տոկոսը բանկերի ավանդներն են, մնացածը՝ կորպորատիվ պարտատոմսերը։