
Հայաստանում քննարկվում է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծը: Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախագիծը նպատակ ունի ապահովել ոլորտի կայուն զարգացումը՝ զսպելով հնարավոր ռիսկերը։
Նախագծի հիմնական նպատակներից է ստեղծել կարգավորման հստակ շրջանակ՝ հիմնված միջազգային փորձի, մասնավորապես՝ Եվրոպական միության օրենսդրական փորձի հիման վրա: Այն ուղղված է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկներին, ծառայությունների մատուցմանը և առևտրի թափանցիկության բարձրացմանը:
Նախատեսվում է սահմանել հստակ կանոններ, որոնք կվերաբերեն կրիպտոակտիվների վաճառքին, ծառայությունների մատուցմանը և առևտրին։
Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ ոլորտի կարգավորումն անհրաժեշտ է ինչպես ռիսկերն արդյունավետ կառավարելու, այնպես էլ ոլորտում նորարարական լուծումներին աջակցելու համար: Նա հանձնարարել է նախագիծը մինչև Կառավարության հաստատմանը ներկայացնելը կատարելագործել՝ հաշվի առնելով բոլոր առաջարկները: