
ԵՄ, թե ԵԱՏՄ․ ո՞ւմ հետ է Հայաստանն ավելի շատ առևտուր անում
2024թ. հունվար-նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 28․18 մլրդ դոլար, ինչը 2023-ի համադրելի ցուցանիշը գերազանցում է 9․88 մլրդ դոլարով կամ 54․01%-ով։ Սրա մասին փաստում են Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Հունվարի 24-ին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվեց ու ընդունվեց որոշում․ փետրվարի 11-ին Ազգային ժողովում լիագումար նիստերի օրակարգում կքննարկվի Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հարցը։
Հասարակությանը վերջին ամիսներին ու, հատկապես, վերջին օրերին հւոզող հարցը ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններն են, թե ինչ ուղղությամբ Հայաստանը կուղղի իր վեկտորը և ինչ ազդեցություններ դրանք կունենան Հայաստանի վրա՝ թե՛ բացասական, թե՛ դրական տեսանկյունից։
Անդրադառնալով երկու միջազգային կառույցների հետ Հայաստանի առևտրաշրջանառությանն ու տնտեսական կապերին, կտեսնենք, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է ԵԱՏՄ-ից, ավելի քանի 7 անգամ ավելի շատ է առևտրաշրջանառություն եղել ԵԱՏՄ անդամ երկրների հետ, քան ԵՄ-ի։ ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 66․91%-ով և կազմել 12․05 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 11․9 մլրդ դոլար, աճ՝ 68․25%։
ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն նվազել է 14․09%-ով և կազմել 2․1 մլրդ դոլար։
Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 11․62 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 71․57%-ով կամ 4․8 մլրդ դոլարով։
Երկրորդը տեղում ԱՄԷ-ն է՝ 5․1 մլրդ դոլար, աճ՝ 250․45%։ Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 2․6 մլրդ դոլար, աճ՝ 37․91%։
Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 661․6 մլն դոլար, աճ՝ 5․19%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 443․9 մլն դոլար, անկում՝ 24․38%։ Վեցերորդը Իտալիան է՝ 382․4 մլն դոլար, աճ՝ 0․07%։ Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 381․1 մլն դոլար, անկում՝ 39․18%։ Ութերորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 304 մլն դոլար, աճ՝ 27․22%։ Իններորդն Իրաքն է՝ 221․2 մլն դոլար, աճ՝ 37%։ Տասնյակը եզրափակում է Բելառուսը՝ 190․5 մլն դոլար, աճ՝ 9․02%։