ՀայաստանՏնտեսություն

Իրական մրգային օղի արտադրողներին կտրամադրվի սուբսիդավորում ակցիզի չափով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել մրգային օղու շուկայի խնդիրներին՝ նշելով դրանց լուծման նոր մոտեցումներ։ Նա շեշտել է, որ մրգային օղու շուկան բախվել է մի շարք մարտահրավերների՝ ներառյալ կեղծ արտադրանքի տարածումը։

Ըստ ղեկավարի՝ մրգային օղիների արտադրության ոլորտում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախակի օգտագործվում են ցորենի կամ այլ սպիրտներ՝ համահոտային հավելումներով։ Այն խնդիրներ է առաջացնում ինչպես բիզնեսի, այնպես էլ սպառողների մոտ:

Գևորգյանը նոր լուծում է առաջարկել. սուբսիդավորում տրամադրել իրական մրգային օղի արտադրողներին՝ ակցիզի չափով, այսինքն՝ բոլոր այն ընկերությունները, որոնք կարտադրեն մրգային օղի և կհամապատասխանեն որակի ստանդարտներին, կստանան այդ ակցիզի չափով սուբսիդավորում պետության կողմից։

Գևորգյանը նաև հայտնել է, որ այս առաջարկը նախատեսվում է լայն քննարկման դնել առաջիկայում, որպեսզի այն ընդունվի և նպաստի ինչպես բիզնեսի զարգացմանը, այնպես էլ սպառողների իրավունքների պաշտպանությանը։