ՀայաստանՏնտեսություն

Պետբյուջեի կատարման հսկողության գործառույթը կվերապահվի Պետական վերահսկողական ծառայությանը

Կառավարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում՝ այս մարմնի լիազորությունները հստակեցնելու և վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Նախագիծը ստացել է Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությունը և կքննարկվի խորհրդարանում։

Փոփոխությունները, ըստ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի, պայմանավորված են գործող օրենքում շուրջ վեց տարիների ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներով։ Ըստ այդմ

1․ Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության գործառույթը փոխանցվում է Պետական վերահսկողական ծառայությանը։ Դրա արդյունքում համապատասխան ստորաբաժանումը կհանվի նախարարության կազմից և կգործի ՊՎԾ կազմում։

2․ Ծառայության վերահսկողության ներքո կհայտնվեն նոր օբյեկտներ, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմը եւ մարզպետների աշխատակազմերը։

3․ Նոր օրենսդրական կարգավորումներով հստակ սահմանվում են ՊՎԾ-ի իրավասությունները, ինչպես նաև մշտադիտարկումների և ուսումնասիրությունների իրականացման ընթացակարգերը։

4․ Վերահսկողական գործընթացներին խոչընդոտելու դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ խախտումների կանխարգելման նպատակով։

5․ Վերահսկողական լրացուցիչ գործիքակազմեր են նախատեսվել՝ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության վերահսկողությունը իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) պետական մարմին է, որը վերահսկում է, թե ինչպես են պետական միջոցները և ռեսուրսները օգտագործվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև պետական ֆինանսավորմամբ կազմակերպությունների կողմից։ ՊՎԾ-ն իր գործունեության արդյունքում պատրաստում է զեկույցներ, որոնք ներկայացնում է Կառավարությանը և Ազգային ժողովին։ Եթե հայտնաբերվում են լուրջ խախտումներ, ապա այդ տվյալները կարող են ուղարկվել իրավապահ մարմիններին՝ հետագա գործողությունների համար։