ՀայաստանՏնտեսություն

2025 թվականի պետբյուջեի կապիտալ ծախսերի 55,8 տոկոսը կուղղվի պաշտպանության ոլորտին

2025 թվականին պետբյուջեի կապիտալ ծախսերը կկազմեն 733 մլրդ դրամ։ Սրա մասին գալիք տարվա պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

2024 թվականի պետբյուջեի համեմատ՝ կապիտալ ծախսերը այս տարվա բյուջեով 5,4 տոկոսով կգերազանցեն։ Այն կկազմի ՀՆԱ-ի 6,6 տոկոսը, որը 24 թվականին ՀՆԱ-ին հավասար է։ Նախարարը նշեց, որ կապիտալ ծախսերի 55,8 տոկոսը ուղղվելու է պաշտպանության ոլորտին։

Պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 664,7 մլրդ դրամ, որը 20 տոկոսով կգերազանցի 2024 թվականի ծախսերին։ Սա կկազմի ՀՆԱ-ի 6 տոկոսը։

Սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն 905 մլրդ դրամ, որոնք 13,9 տոկոսով կգերազանցեն 2024 թվականի պետբյուջեի սոցիալական պաշտպանությանը տրամադրվող ծախսերին։ Սա կկազմի ՀՆԱ-ի 8,2 տոկոսը։

Կրթության ոլորտին պետբյուջեով կտրամադրվի 300 մլրդ դրամ, որը 4,5 կգերազանցի նախորդ տարվա ծախսերին։ Այն կկազմի ՀՆԱ-ի 2,7 տոկոսը։ Նախորդ տարի ևս այս ցուցանիշն է եղել։

Շրջակա միջավայրի նախարարության ծախսերի համար կնախատեսվի 13,5 մլրդ դրամ, որը 37,6 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշին։ Նախարարը նշեց, որ սա կապված է էկոպարեկային ծառայության հիմնադրման հետ։ 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ծախսերը 2025 թվականին կկազմեն 47,5 մլրդ դրամ, սա 89 տոկոսով կգերազանցի նախորդ տարվան։