
Նախատեսվում է խոշոր ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագիր ներդնել Հայաստանում
Հայաստանի կառավարությունը կատարել է փոփոխություններ 2023 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի» վերաբերյալ որոշման մեջ։ Նոր փոփոխությունների նպատակն է խթանել խոշոր ջերմատնային տնտեսությունների կառուցումը՝ տրամադրելով ավելի մեծ սուբսիդավորվող վարկեր՝ մինչև 15 մլրդ դրամի չափով։
Նախագծի համաձայն, գործող աջակցության ծրագրի շրջանակում շահառուները կկարողանան ստանալ մինչև 15 մլրդ դրամի վարկ՝ շուրջ 20 հա տարածքով ջերմատներ հիմնելու համար։ Վարկի տոկոսադրույքները տարբեր կետերով կսուբսիդավորվեն՝ կախված վարկի չափից՝ մինչև 3 մլրդ դրամի համար՝ 10 տոկոս, 3-ից 9 մլրդ դրամի համար՝ 9 տոկոս, և 9-ից 15 մլրդ դրամի համար՝ 8 տոկոս։ Փոփոխությամբ ապահովվում է, որ մեկ շահառու կարող է ստանալ վարկ միայն մեկ ֆինանսական կառույցից՝ այդպիսով խոչընդոտելով տարբեր ֆինանսական կազմակերպություններից միաժամանակ վարկ ստանալու հնարավորությունը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն շահառուն կարող է դիմել տարբեր ֆինանսական կառույցների և մինչև 3 մլրդ դրամի վարկ ստանալու և առավելագույն 10 տոկոսի չափով սուբսիդավորվելու հայտ ներկայացնի, նախագծում դրվել է պայման, որ վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից: Սա հնարավորություն կտա, որպեսզի ապահովվի ըստ վարկի մասնաբաժինների տոկոսադրույքների սուբսիդավորման չափաքանակները, — նշված է հիմնավորման մեջ։
Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում 2024 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կնքվել է 4 պայմանագիր՝ 15,27 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։
2019-2024 թվականներին ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագրերի շրջանակում հաստատվել է 56 հեկտար ջերմատուն հիմնելու հայտ, որից միայն ՀՀ ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում 2024 թվականին՝ 15,3 հեկտար: Ծրագրի թիրախային ցուցանիշ է սահմանված մինչև 2026 թ. ավարտը՝ 35 հեկտար ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների հիմնում
Մինչև նոր կարգավորումը, նախկինում տնտեսվարողները հնարավորություն ունեին հիմնել 4-5 հա այգի՝ 3 մլրդ դրամ վարկի շրջանակներում։