Ովքե՞ր պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր․ նոր թարմացումներ
2025 թվականին, 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն 2023 թվականին հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձինք և նոր խմբերը։ Այստեղ սակայն բացառություն են կազմում անչափահասները։ Նրանք նույնիսկ եկամուտ ստանալու և հարկվելու դեպքում չեն պարտավորվում հայտարարգիր ներկայացնել։ Անհատ ձեռներեցները նույնպես չեն ներկայացնում հայտարարագիր, սակայն նրանց աշխատակիցները պարտավորվում են դա անել։ Այսպիսով, եկամուտների հայտարարագիր են ներկայացնում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում
— համարվել են վարձու աշխատող թեկուզ մի քանի օր,
— քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են հարկվող եկամուտ,
-զբաղեցրել են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ,
— հանդիսացել են 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ),
— համարվում են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրական շահառու,
— 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,
Միաժամանակ, 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր են ներկայացնում նաև հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից հարկվող եկամուտներ ստացած և եկամտային հարկն ինքնուրույն հաշվարկելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք (օրինակ՝ բնակարանը վարձակալությամբ այլ ֆիզիկական անձանց տրամադրած, անկախ մասնագիտական աշխատանքներ կատարած անձինք)։ Այս դեպքում անչափահասի փոխարեն հայտարարագիր է ներկայացնում նրա ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։
Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են տարեկան մեկ անգամ՝ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Սկզբում որոշվել էր հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ համարել մայիսի 1-ը։ Սակայն այստեղ նույնպես որոշակի փոփոխություններ են իրականացվել և վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի նոյեմբերի 1-ը։ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն սահմանվել է 300 հազար ՀՀ դրամի շեմ՝ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված եկամուտների համար․ հայտարարագրում քաղաքացիները կարող են չլրացնել 300 հազար դրամից պակաս և միանվագ ստացված այդ գումարները։ Երեք հարյուր հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե՝ նմանատիպ գործարքների հանրագումարին։
