
Վեց ամիս ժամկետով արգելվել է սնդիկ պարունակող ապրանքների ներմուծումն ու արտահանումը Հայաստան
Կառավարությունը սահմանել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը և ներմուծում Հայաստան վեց ամսով արգելվում է։ Այդ ցուցակում է նաև ջերմաչափը։ Որոշումը ուժի մեջ կմտնի փետվարի 16-ից։ Կարգելվեն սնդիկ պարունակող լամպերի, առաջնային մարտկոցների, տարբեր չափման միջոցների (հեղուկների և գազերի, մթնոլորտային, արյան, ճնշաչափեր)։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սրա նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունն է, քանի որ սնդիկը խիստ թունավոր է և կարող է վնասել նյարդային, մարսողական և իմունային համակարգերը, ինչպես նաև առաջացնել ծանր թունավորումներ: Կառավարության որոշման համաձայն՝ արգելքը չի տարածվի այն ապրանքների վրա, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտական կամ բժշկական նպատակների համար։ Ներմուծման կամ արտահանման նման դեպքերում անհրաժեշտ կլինի ներկայացնել համապատասխան հիմնավորումներ:
Սնդիկ պարունակող ապրանքների շրջանառության սահմանափակումն ուղղված է Մինամատայի կոնվենցիայի պահանջների կատարմանը, որը ստորագրել են 128 պետություններ, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամներից Ռուսաստանը և Բելառուսը, իսկ վավերացրել են այդ երկրներից դեռևս 90-ը։ Նրանք պարտավորվել են սահմանափակել սնդիկ պարունակող ապրանքների արտադրությունը, ներմուծումը և արտահանումը, ինչպես նաև արգելել սնդիկ պարունակող հանքանյութի արդյունահանումը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը դիտարկում է այն տասը հիմնական քիմիական նյութերի կամ միացությունների շարքում, որոնք զգալի մտահոգություն են առաջացնում հանրային առողջության համար: Սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն։ Սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ առողջական խնդիրներ և ծանր թունավորում։ Վերջինս նույնիսկ կարող է հանգեցնել մահվան