
Հայաստանի վարորդական իրավունքները կճանաչվեն ԱՄԷ-ում
Հայաստանի Կառավարությունը փետրվարի 13-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի ներքին գործերի նախարարության ու Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման շուրջ։ Երկու երկրների քաղաքացիների վարորդական վկայական ստանալու գործընթացը պարզեցվել է։
Փաստաթղթի համաձայն՝ երկու երկրներն էլ ճանաչում են ժամանակավոր կացության համար ժամանող քաղաքացիների վարորդական վկայականները։ Մշտական բնակության վայր տեղափոխվողներին հնարավորություն կտրվի պարզեցված ձևով ձեռք բերել վարորդական վկայականներ՝ առանց տեսական և գործնական քննություններ հանձնելու։
Երկու երկրների օրենսդրությամբ սահմանված տարիքային սահմանափակումները հաշվի են առնվելու։ Ըստ Հայաստանի ՆԳՆ-ի՝ հուշագիրը նպաստելու է երկու երկրների տրանսպորտային կապերի զարգացմանը, ինչպես նաև հարմարավետ է դարձնելու պայմանները ԱՄԷ-ում ապրող հայերի ու Հայաստանում բնակություն հաստատած ԱՄԷ քաղաքացիների համար։
Սա կօգնի նաև Կառավարության 2021-2026 թվականների զարգացման ուղղություններից մեկի՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ փոխգործակցության ընդլայնմանը։ Այս համատեքստում հատկանշական է Հայաստանի ու ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը, որը վերջին տարիներին զգալի աճ է գրանցել։ Նախկինում անդրադարձել ենք երկրների միջև առևտրային հարաբերություններին, ու հատկապես ինչի հաշվին է երկրների միջև աճել առևտրաշրջանառությունը։
Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի արտահանումը ԱՄԷ կազմել է շուրջ 5․2 մլրդ դոլար, ներմուծումը՝ 823 մլն դոլար։ ԱՄԷ-ն համարվում է Հայաստանի առևտրային երկրորդ խոշոր գործընկերը։