ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի տարածքով անցնող ցանկացած բեռ վերահսկողության պետք է ենթարկվի․ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ

Ազգային ժողովի խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապաշրջափակման հարցում համաձայնության գալու դեպքում Հայաստանի իրավասու մարմինները պետք է իմանան, թե ինչ բեռ է մուտք գործելու Հայաստան։

Հայաստանը 2023 թվականին հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային նախագծի առաջարկով։ Այն ենթադրում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի միջև վերականգնել համագործակցությունը տարածաշրջանում և խթանել փոխըմբռնումը ազգերի միջև։ Դրա համաձայն՝ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել է ճանապարհային ենթակառուցվածքների համար հինգ անցակետ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Կայանի, Սոթքի, Քարահունջի, Անգեղակոթի և Երասխի մոտ, երկու անցակետ էլ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանին՝ Ախուրիկում և Մարգարայում։

Եղոյանը դրական է արձագանքել Հայաստան մուտք գործող բեռը ստուգելուն։ Հովհաննիսյանը հավելել է, որ վերահսկողություն կլինի, իսկ թե ինչ մարմնի կողմից, դեռևս քննարկման փուլում է։ Այս պահին Հայաստան մուտք գործող բեռները վերահսկում է Մաքսային ծառայությունը։

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը հավելեց, որ բեռների ստուգման համար կան մի քանի տեխնիկական միջոցներ, բայց դրանք տարբեր երկներ տարբեր կերպ են կիրառում։ Ըստ Եղոյանի՝ ավելի կարևոր է, որ Հայաստանն իմանա, թե ինչ բեռ է մուտք գործում ու անցնում Հայաստանի տարածքով։