ՀայաստանՏնտեսություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է պարենի ոլորտում ճկուն լինելը. ո՞վ է մեր հիմնական մատակարարը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում նշել է, որ Հայաստանը պետք է աշխատի նյութական պահուստի ցանկում ներառված ապրանքների այլընտրանքների ձևավորման ուղղությամբ։

Դրա ընթացքում նախատեսվում է 50 միջոցառում իրականացնել։ Փաշինյանը կարևորել է համարել պարենային անվտանգության ոլորտում հնարավորինս ճկուն գործելը։

Քննարկման ընթացքում խոսվել է նաև «Տաք սնունդ» ծրագրի մասին։ Դրա շրջանակում 2023 թվականից Հայաստանի 10 մարզի հանրակրթական 1060 դպրոցի տարրական դասարանների շուրջ 105259 աշակերտ և նախակրթարանների 4114 սան ստանում են տաք սնունդ։

Նշենք, որ Կառավարության որոշմամբ՝ Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումն արգելվել է վեց ամիս ժամկետով։

Վերոնշյալ ապրանքների չարտահանելու հիմնական պատճառը ներքին շուկայի պահանջարկը բավարարելն է։ Չնայած արտադրությանը՝ հացահատիկի ներքին պահանջարկը բավարարելու համար Հայաստանը հիմնականում ներմուծում է այն։

Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր ցորենի նոր մատակարարների որոնման մասին։ Նախարարն ասել էր, որ բանակցում են մի քանի երկրների հետ՝ ցորենի ներկրումը դիվերսիֆիկացնելու համար։

Հայաստանի ցորենի հիմնական մատակարարը Ռուսաստանն է։ Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ 2023 թվականին ներկրվել է 343,6 հազար տոննա ցորեն, որի 99 տոկոսը՝ Ռուսաստանից։