ՀայաստանՏնտեսություն

Իրանական կողմի հետ քննարկվել է Հայաստանում համատեղ արդյունաբերական գոտիներ ստեղծելու հարցը

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը քննարկել է Հայաստանում համատեղ արդյունաբերական գոտիների ստեղծման հնարավորությունները։ Սրա մասին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ քննարկվել է նաև երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները, ներդրումների հնարավորությունները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայկական ընկերություններից մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել իրանական «Չաբահար» նավահանգիստը ազատ առևտրի գոտում գրանցվելու և լոգիստիկ գործունեություն սկսելու վերաբերյալ։ Նավահանգիստը կարևոր է «Խաղաղության խաչմերուկ» համատեքստում։ Այն կապելու է Հայաստանը Հնդկաստանին։ Ըստ նախագծի, ենթադրում է բեռների տեղափոխում Հնդկաստանի «Մումբայ» նավահանգստից մինչև «Չաբահար», այնուհետև ցամաքային ճանապարհով Հայաստան, ապա՝ Վրաստան։

Հայաստանի ու Իրանի առևտրաշրջանառությունը 2024 թվականին կազմել է շուրջ 171 մլն դոլարի, որից 108 մլն դոլարը արտահանման ծավալն է, 63 մլն դոլարը՝ ներկրման։

Նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը աշխատանքային այցով գտնվում է Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Նա մասնակցում է «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին։ Զաքարյանը հանդիպումներ է ունեցել հարևան երկրի Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։