ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համաձայնագիր կկնքվի

Կառավարությունը հավանություն է տվել 2024 թվականի մայիսի 6-ին Բուդապեշտում ստորագրված Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համաձայնագիր կնքելու նախագծին։

Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում երկու երկրների միջև զարգացնել տնտեսական հարաբերություններ առևտրի, դեղագործական արդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի, տրանսպորտի և նյութատեխնիկական ապահովման, գյուղատնտեսության, անտառտնտեսության, նորարարության, շրջակա միջավայրի պաշտպանության և այլ ոլորտներում։

Համաձայնագրով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:

2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանը խզել է իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ՝ 2004 թվականին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, ինչը տեղի է ունեցել 7 միլիոն դոլարի չափով կաշառքի դիմաց։ Երևանում ցուցարարները լոլիկներ են նետել Հունգարիայի պատվավոր հյուպատոսության շենքի վրա և պատռել Հունգարիայի դրոշը։ 10 տարվա ընդմիջումից հետո հարաբերությունները վերականգնվել են 2022 թվականին։ 2023 թվականին արդեն երկու երկրները դեսպանատներ են բացել։