ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի կառավարությունը 150մլն դոլարի վարկային երաշխիք է տրամադրում Ամուլսարի հանքի շահագործման համար

Դեռևս հունվարի 11-ին Շրջակա  միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը  հայտնել էր, որ Ամուլսարի հանքը շահագործելու համար «Լիդիան Արմենիա» ընկերությունը ունի բոլոր թույլտվությունները։

Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգից այս գումարն ընկերությունը պետք է ներգրավի 6 ամսվա ընթացքում, վարկի մարման ժամկետը 5 տարի է։ 150 միլիոն դոլարը «Լիդիան Արմենիա»-ին տրամադրելու են «Արդշինբանկ»-ը, «Ակբա բանկ»-ը, «Այդի բանկ»-ը, «Ինեկոբանկ»-ը և «Էվոկաբանկ»-ը։

Կառավարությունը հանդես է գալիս որպես վարկի երաշխավոր։

Համաձայն Լիդիան Արմենիա ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ]։

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրով՝ Լիդիանի բաժնետոմսերից 12.5 տոկոսին համարժեք՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը նվիրատվությամբ փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը որպես սեփականություն:

Նման կերպով 2021թվականի հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը նվիրատվություն էր ստացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային  գործարանի 15% բաժնեմասը, իսկ ավելի ուշ՝ 2022 թվականին բաժնետոմսերի 6,875%-ը։

Արդյոք այս գործելաոճը կնպաստի Ամուլսարի շահագործմանը ևս, ցույց կտա ժամանակը, սակայն հիշյալ զարգացումները հուշում են առաջիկայում  այն շահագործելու հնարավոր սցենարի մասին։