ՀայաստանՏնտեսություն

Օդային ճանապարհով մի քանի ժամում, ցամաքային ճանապարհով 5 օրում հայկական ձկնամթերքը կհասնի Եվրամիություն

Շուրջ 8 տարի տևած բանակցություններից հետո Հայաստանը 2025 թվականի մարտի 16-ին հնարավորություն կստանա թեփուկավոր ձկները և դրանց արտադրանքը (խավիար և ձկնկիթ) արտահանել Եվրամիության անդամ երկրներ։ Այս հնարավորությունը սահմանվել է նոր ընդունված Եվրոպական հանձնաժողովի իրականացման կանոնակարգի համաձայն։ Բոլոր տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո հայկական ձկնամթերքը, օդային ճանապարհով մի քանի ժամվա, իսկ ցամաքային ճանապարհով առավելագույնը 4-5 օրվա ընթացքում կհասնի Եվրոպա։  

Իսկ տեխնիկական խնդիրները լուծելու համար տնտեսվարողները պետք է գրանցված լինեն ԵՄ «TRACES» համակարգում։

Նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 27 հազար տոննա արդյունաբերական արտադրության ձուկ, ձկնամթերք, ինչը 5 տոկոսով ավելի է 2023 թվականի համեմատ։ Հանրապետությունում բուծվում են թառափազգի, իշխանազգի և կարպազգի ձկնատեսակներ։ «Հայաստանի ձկնաբույծների միություն» հասարական կազմակերպության տնօրեն Գոռ Գրիգորյանը հայտարարել է, որ նախորդ տարվա արտադրանքից 15 հազար տոննան արտահանվել է հիմնականում Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Արաբական Միացյալ Էմիրություններ: