
Էլեկտրամոբիլների քվոտայի 90 տոկոսը սպառվել է
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ դիլերները, որոնք մեքենաներ կներկրեն ֆիզիկական անձանց անունով, կզրկվեն լիցենզիայից։
2025-ին Հայաստանին հատկացվել է 8000 էլեկտրամոբիլի քվոտա՝ 5000-ը քաղաքացիներին, 3000-ը՝ դիլերներին։ Սակայն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ քաղաքացիների համար նախատեսված քվոտան արդեն գրեթե սպառված է։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ փետրվարի 23-ի դրությամբ քաղաքացիների 5000 քվոտայից արդեն օգտագործվել է 90 տոկոսը, և Հայաստան ներկրվել է 4499 էլեկտրամոբիլ։
Պապոյանը պարզաբանել է, որ դիլերների կողմից ֆիզիկական անձանց անվամբ ներկրումները լայն տարածում չունեն, սակայն հարցն ուսումնասիրության փուլում է։ Եթե նման դեպքեր հաստատվեն, այդ դիլերները կզրկվեն լիցենզիայից։