ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական համաձայնագիր կստորագրվի

Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև ստորագրվել է եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր: Դա նշանակում է, որ եթե մարդն աշխատում է կամ ունի եկամուտ երկու երկրներում (Հայաստանում և Հոնկոնգում), ապա նույն եկամուտի համար երկու անգամ հարկ չի կիրառվի:

Որոշումը դրական եզրակացություն է ստացել Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ։ Համաձայնագիրը նպատակ ունի կարգավորելու երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը, որի արդյունքում կխթանվի երկկողմ տնտեսական համագործակցությունը:

Ծրագրի համաձայն՝ կողմերի միջև կտեղծվի նաև կանխատեսելի և կայուն հարկային դաշտ։ Համաձայնագրով փոխադարձության սկզբունքով գործարարների համար սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների՝ շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները և դրույքաչափերը:

Հարկ է նշել, որ ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝  2023 թվականին Հայաստանի և Հոնկոնգի միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 855 միլիոն դոլար: 2013 թվականից Հոնկոնգում գործում է «Չինաստանի հայ համայնք» անվանումը կրող համայնքային կառույցը և «Ջեք և Ջուլի Մաքսյանների Հոնկոնգի հայկական կենտրոնը»: 2019 թվականի մարտի 3-ից Հայաստանի և Հոնկոնգի միջև գործում է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ՝ 180 օր Հոնկոնգ անձնագրեր կրողների և 30 օր՝ ՀՀ քաղաքացիների համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Չինաստանի Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին՝ Երևանում: Նման համաձայնագիր ստորագրվել է նաև Ճապոնիայի հետ։ Ընդհանուր առմամբ՝ ստորագրվել և վավերացվել է նման բովանդակությամբ համաձայնագրեր 51 երկրների հետ։