ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի պետբյուջեի եկամուտները կատարվել են 95․8 տոկոսով, պետական պարտքն էլ աճել է

Հայաստանի պետական բյուջեն 2024-ին կատարվել է բարձր ցուցանիշով։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ բյուջեի եկամուտները կազմել են 95.8%, որից հարկային եկամուտներն ու պետական տուրքերը՝ 92.7%։ Ծախսերն իրականացվել են 93.9%-ով, ինչը 2023-ի համեմատ 16%-ով ավելի է։

Սա նշանակում է, որ պետությունը նախատեսվածից քիչ եկամուտ է հավաքել, բայց ծախսերը չեն գերազանցել սահմանված ցուցանիշները։ Պետական պարտքն էլ աճել է։ 2024-ի վերջում այն կազմել է 5 տրիլիոն դրամ (12.8 մլրդ դոլար)՝ աճելով 6.2%-ով։ Սակայն, ըստ նախարարի, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ մնացել է 50%-ից ցածր՝ 48.3%, ինչը 0.1%-ով պակաս է 2023-ի ցուցանիշից։ Սա նշանակում է, որ պարտքն աճել է, բայց երկրի տնտեսական աճը թույլ է տվել այն պահպանել վերահսկելի սահմաններում։

Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 23.6%, ինչը 2023-ի համեմատ փոքր-ինչ նվազել է (0.45 տոկոսով), սակայն վերջին 7 տարում այն զգալիորեն բարելավվել է՝ 20.8%-ից հասնելով 23.6%-ի։

Նշենք, որ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հերքել էր մամուլում տարածված թվերը և հայտարարել, որ Հայաստանի արտաքին պարտքը 12 մլրդ դոլար չէ, այլ մոտ 6 միլիարդ է։