ՀայաստանՏնտեսություն

Հայաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումները կպարզեցվեն

Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Հայաստանում է։ Մարտի 25-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իրանցի իր գործընկերոջը։ Նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են բեռնափոխադրումների պարզեցման հարցերը, ներառյալ մաքսային տուրքերի փոփոխությունները։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ երկու երկրների բեռնատարների համար ճանապարհը պետք է հեշտացվի, ծախսերը՝ նվազեն։ Այդ նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ։ Արարատ Միրզոյանն էլ հայտնել է, որ քննարկումները մոտ են ավարտին, և շուտով կհրապարակեն արդյունքները։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին հայ վարորդները փակել էին Ագարակի սահմանային անցակետը՝ պահանջելով նվազեցնել դիզվառելիքի գինը Իրանում։ Հայաստանից դեպի Իրան անցնելիս կանոն էր գործում։ Համաձայն դրա՝ բեռնատարները պետք է Իրան մտնեին առանց վառելիքի։ Վարորդները պետք է վառելիք գնեն Իրանից։ Մինչ այդ հարևան երկրում որոշում էր ընդունվել 1,5 անգամ բարձրացնել դիզվառելիքի գինը։ Սրա պատճառվ հայ վարորդները փակել էին սահմանային անցակետն ու կանգնեցրել երթևեկությունը։

Եթե Իրանի տարածքում դիզվառելիք են գնում` 20–լիտրանոց տարայի դիմաց վճարելով 2 հազար դրամ, ապա իրանական մաքսատան լցակայանում վառելիքի գինը հասել է 9 հազար դրամի (նախկինում 7500-7800 դրամ էր, իսկ դրանից առաջ՝ ավելի էժան)։ Եվ դա այն դեպքում, երբ բեռնատարի բաքի միջին ծավալը շուրջ 500 լիտր է: