Ղազախստանը 350 մլն դոլարով կավելացնի արտահանման ծավալները Հայաստան
Ղազախստանն իր պատրաստակամությունն է հայտնել տարեկան 350 մլն դոլարով ավելացնել ապրանքների արտահանումը Հայաստան։ Սրա մասին Աստանայում հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
Ինչպես հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են Ղազախստանի ու Հայաստանի միջև համագործակցության ամրապնդումը։ Բացի այդ, քննարկվել են առևտրի, ներդրումների, տրանսպորտի և մշակույթի ոլորտների ծրագրերը։
Պաշտոնական Աստանան հայտնել է նաև, որ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների գործընթացին, որը, ըստ նրանց, կարևոր է տարածաշրջանի կայունության համար։
Հայաստանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին ջերմ ընդունելության և առանցքային համաձայնագրերի շուրջ համագործակցության համար։
Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականին կազմել է մոտ 84 մլն դոլար, որից 54 մլն դոլարը արտահանման ծավալն է, 30 մլն դոլարը՝ ներկրման։
