ՀայաստանՏնտեսություն

Եկամուտների հայտարարագրերի վերջնաժամկետը կարող է հետաձգվել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը տեղեկացրել է՝ շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է հետաձգել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը։

Թունյանի խոսքով՝ 2024 թվականի եկամուտների համար հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը կերկարաձգվի մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը՝ փոխարինելով ներկայիս մայիսի 1-ը։ 2025 թվականի եկամուտների համար ներկայացման ժամկետը նախատեսվում է սահմանել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը։ Իսկ սկսած 2026 թվականից՝ հայտարարագրերը կներկայացվեն յուրաքանչյուր տարվա մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։

Մանրամասները, ըստ պատգամավորի, կներկայացվեն ԱԺ նիստի ընթացքում։ Հիշեցնենք, որ Հայաստանում հայտարարագրերի լրացման ժամկետը երկարացվել էր։ Սրա մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշել է, որ ID-ի հետ կապված հերթը մինչև հունիս ամիսն է։ Դրանով պայմանավորված, ըստ Փաշինյանի, հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանվի նոյեմբերի 1-ը։