
ԵՄ-ն քննարկում է Հայաստանին 20 մլն եվրո հատկացնել
Եվրոպական միությունում քննարկվում է Հայաստանին շուրջ 20 մլն եվրոյի հատկացում՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամից։ Սրա մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Միրզոյանի խոսքով՝ անցած տարի ԵՄ-ի կողմից տրամադրվել էր 10 մլն եվրո, իսկ այս տարի նախատեսվում է կրկնակի աջակցություն։ Աջակցության տրամադրման հարցը, սակայն, միաձայն որոշում է պահանջում։ Գործընթացին խոչընդոտում է Հունգարիան, որը պահանջում է ծրագրում ներառել նաև Ադրբեջանին։ Միրզոյանը նշել է, որ քննարկումները դեռ շարունակվում են, և իրենք հույս ունեն՝ հարցը լուծում կստանա։
Իր հերթին Տանյա Ֆայոնը հայտնել է, որ Սլովենիան աջակցել է ԵՄ-ից Հայաստանի զինված ուժերին ուղղակի օգնություն հատկացնելու առաջարկը, սակայն շեշտել է՝ դրա համար անհրաժեշտ է բոլոր անդամ երկրների համաձայնությունը։
Հիշեցնենք, որ 2024-ի հուլիսին ԵՄ-ն Հայաստանին հատկացրել էր 10 մլն եվրո՝ գումարտակի համար վրանային ճամբար կառուցելու նպատակով։ Նախորդ տարի Հունգարիան ևս արգելափակել էր ֆինանսավորման գործընթացը՝ պայման դնելով, որ նմանատիպ աջակցություն տրամադրվի նաև Ադրբեջանին՝ ականազերծման աշխատանքների համար։