
ԵԱՏՄ փոխադրողներին կթույլատրվի բեռնափոխադրումներ կատարել Հայաստանի ներսում
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների փոխադրողներին կթույլատրվի կաբոտաժային փոխադրումներ իրականացնել Հայաստանի տարածքում: Կաբոտաժային փոխադրություն համարվում է այն բեռնափոխադրումը, որը կատարվում է որևէ երկրի տարածքում՝ այդ երկրի քաղաքներից մեկից մյուսը, սակայն այլ երկրի փոխադրողի կողմից։ Մինչ այս, Հայաստանի օրենսդրությամբ նման փոխադրումները արգելված էին, բացառությամբ միջազգային համաձայնագրերով նախատեսված դեպքերի։
Փոփոխությունների նպատակն է ձևավորել ԵԱՏՄ տարածքում միասնական ավտոտրանսպորտային շուկա և ապահովել փոխադրողների ազատ մուտքը անդամ երկրների տարածք՝ անկախ նրանց գրանցման երկրից։
Լիազոր մարմինը կընդունի անհրաժեշտ կարգավորումներ և կնշի, թե ինչ տեղեկատվություն պետք է ներկայացնեն այլ երկրների փոխադրողները՝ Հայաստանում կաբոտաժային փոխադրում իրականացնելու համար։
Ըստ կառավարության՝ նոր կարգավորումները կուժեղացնեն մրցակցությունը շուկայում և կնպաստեն բեռնատար տրանսպորտային միջոցների արդիականացմանը։