
Պետությունը կֆինանսավորի կարկտապաշտպան ցանցերի արժեքի 40 տոկոսը բոլոր համայնքներում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկել է նոր աջակցություն՝ օգնելու կարկուտից տուժած գյուղատնտեսներին։ Նախարար Գևորգ Պապոյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ նախատեսվում է կարկտապաշտպան ցանցերի արժեքի 40 տոկոսը փոխհատուցել բոլոր համայնքների գյուղացիներին, եթե նրանք ցանկանան ինքնուրույն տեղադրել այդ ցանցերը։
Մինչ այժմ պետությունը նման փոխհատուցում էր տրամադրում միայն որոշ ռիսկային համայնքներին, սակայն հիմա ծրագրում ընդգրկվելու հնարավորություն կունենան ՀՀ բոլոր բնակավայրերի տնտեսվարողները։ Նախագիծը արդեն ստացել է դրական եզրակացություն և առաջիկայում կընդունվի կառավարության կողմից։
Այս նախաձեռնությունը հատկապես կարևոր է Արտաշատում և հարակից գյուղերում վերջին օրերին գրանցված կարկտահարություններից հետո։ Ըստ նախարարի՝ վնասներ են գրանցվել 7-8 գյուղերում, պտղատու այգիներում՝ միջինում մինչև 30%, իսկ բանջարեղենի՝ մինչև 60%։
Պատգամավոր Արման Ղազարյանի հարցին՝ ինչպես կօգնեն այն գյուղացիներին, որոնք իրենց բերքը չեն ապահովագրել, Պապոյանը պատասխանեց, որ դեռ կատարվում են վնասների հաշվարկներ։ Միևնույն ժամանակ, կառավարությունն աշխատում է նաև գյուղատնտեսական ապահովագրության համակարգի բարելավման վրա, որպեսզի ապահովագրական ընկերությունները առանց վախի ավելի լայն ապահովագրություն առաջարկեն գյուղացիներին։
Նախարարի խոսքով՝ այս բոլոր փոփոխությունները կփորձեն իրականացնել նույն տարվա ընթացքում, որպեսզի հնարավոր լինի նոր պայմաններով ապահովագրել բերքը արդեն այս սեզոնից։