Սպանդանոցային մորթ իրականացնող ֆերմերները կանխիկ գումար կստանան
Սպանդանոցային մորթը ավելացնելու համար այն ֆերմերները, որոնք անասունների մորթ կիրականացնեն սպանդանոցներում, կանխիկ գումարով կվարձատրվեն։ Վճարման չափի մասին հստակ տեղեկություններ չկան, որովհետև կառավարությունը որոշումը դեռ չի ընդունել։ Սակայն նախատեսվում է միջին վարձատրություն իրականացնել։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ծրագրի իրականացման համար հիմք է հանդիսացել ավստրիական օրինակը, որին նախարարությունը ծանոթացել է փորձի փոխանակման ծրագրերի շրջանակներում։
«Ավստրիայում 25 տարի առաջ ամեն ինչ այնպես էր, ինչպես մեզ մոտ. կային սպանդանոցներ, որոնցից ֆերմերները չէին օգտվում։ Այդ պատճառով պետությունը սկսեց ֆինանսապես խրախուսել ֆերմերներին։ Հիմա դրա կարիքը Ավստրիայում այլևս չկա, քանի որ հասարակության մեջ մսի անվտանգության ստանդարտների մասին արդեն կա արմատավորված հստակ գիտակցում»,– նշեց Պապոյանը։
2025 թվականին սպանդանոցների համար նախատեսված է 350 մլն դրամ։
