ՀայաստանՏնտեսություն

Կառավարությունը աջակցության նոր ծրագրեր է կիրականացնի կոնյակագործության ոլորտում

Հայաստանի կառավարությունը մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար՝ սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին խաղողի անխափան մթերումն ապահովելու նպատակով։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ աջակցության միջոցառումները նախատեսված են այն կազմակերպությունների համար, որոնք ներգրավված են խաղողի մթերման, վերամշակման և կոնյակի արտահանման գործընթացներում։ Նախարարը նշել է, որ պետության օգնության հիմնական պայմանը մթերման պատշաճ կազմակերպումն է՝ խաղողի որակի ապահովմամբ։

Պապոյանը նաև անդրադարձել է կոնյակ արտահանողների կողմից բարձրացված խնդիրներին՝ կապված Վրաստանի տարածքով բեռնափոխադրման խոչընդոտների հետ։ Նա հայտնել է, որ առաջիկայում նախատեսում է հանդիպել կոնյակագործների հետ՝ այս հարցերը քննարկելու նպատակով։ Նախարարը նշել է, որ վրացական կողմի հետ արդեն որոշ քննարկումներ կայացել են, և դրանց արդյունքները կամփոփվեն ու կքննարկվեն նաև մասնագետների ու արտադրողների հետ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում մի շարք կոնյակ արտադրողներ և բեռնափոխադրողներ բողոքի ակցիաներ են անցկացրել, այդ թվում՝ Վրաստանի դեսպանության շենքի մոտ՝ դժգոհելով, որ վրացական սահմանային անցակետերում բեռնատարները ստիպված են լինում երկար ժամանակ սպասել՝ լաբորատոր ստուգումների պատճառով։