
Իրանական ներդրումներ՝ պողպատից մինչև ճանապարհաշինություն
Հայաստանում իրանական ներդրումների ծավալը շարունակում է աճել։ Մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել է, որ Ագարակում արդեն կառուցվել է պողպատե ամրանների արտադրության գործարան։
Լրագրողների հետ զրույցում դեսպանը նշել է, որ միայն վերջին շրջանում Հայաստանում գրանցվել է ավելի քան 300 իրանական ընկերություն, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ոլորտներում։ Նրա խոսքով՝ Արմավիրում ևս շուտով կգործի նմանատիպ արտադրամաս՝ ամրանների արտադրական հոսքագծով։
Իրանական կողմի մասնակցությամբ իրականացվում է նաև Քաջարան–Ագարակ 32 կմ–անոց նոր ճանապարհի շինարարությունը։ Այս նախագծի շնորհիվ երթևեկության ժամանակը կկրճատվի մեկ ժամից ավելիով՝ դառնալով ընդամենը 20 րոպե։ Ճանապարհի լայնությունն էլ կհասնի 17 մետրի՝ նախկին 6 մետրի փոխարեն։
Ինչ վերաբերում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկմանը՝ Սոբհանին պարզաբանեց, որ հիմնական խոչընդոտը ենթակառուցվածքների բացակայությունն է։ Նա հայտնեց, որ այժմ ընթանում են բանակցություններ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ՝ ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ։