
Տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 4.4%-ով
2025 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.4 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ապրիլ ամսին արձանագրվել է 4.3 տոկոս աճ մարտի համեմատ, իսկ 2024-ի ապրիլի համեմատ՝ 5.4 տոկոս աճ։
Միաժամանակ, արդյունաբերության ոլորտում արձանագրվել է անկում։ Հունվար-ապրիլին արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 812.2 մլրդ դրամ՝ նվազելով 16.1 տոկոսով։ Ապրիլին թողարկվել է 212.4 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, ինչը մարտից պակաս է 3.9 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլից՝ 8.7 տոկոսով:
Շինարարությունը, հակառակ արդյունաբերությանը, աճ է գրանցել։ Այս տարվա առաջին չորս ամսում ոլորտում իրականացվել է 116.5 մլրդ դրամի աշխատանք, ինչը 15 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Մարտ-ապրիլ ամիսներին աճը կազմել է 18 տոկոս։ Միայն ապրիլին կատարվել է 39 մլրդ դրամի շինարարություն։
Ներքին առևտրի շրջանառությունն այս տարի նույնպես աճել է՝ կազմելով մոտ 1.875 տրլն դրամ՝ տարեկան կտրվածքով 5.2 տոկոս աճով։ Ապրիլին շրջանառությունը հասել է 531.6 մլրդ դրամի՝ մի փոքր գերազանցելով մարտի (1.4%) և անցած տարվա ապրիլի (3.2%) ցուցանիշները։