ՀայաստանՏնտեսություն

«Խելացի» անասնաշենքեր կառուցող տնտեսավարողները կարող են ծախսերի մինչև 70 տոկոսը վերադարձնել

Տնտեսավարողները, որոնք որոշեն կառուցել կամ վերակառուցել «խելացի» անասնաշենքեր, կարող են պետական աջակցություն ստանալ իրենց ծախսերի մինչև 50 տոկոսի չափով, իսկ հատուկ խմբերի համար աջակցությունը կհասնի մինչև 70 տոկոսի:

Ինչպես ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իրազեկող տեսանյութում, հատուկ առավելություն ունեն սահմանամերձ համայնքների բնակիչներն ու զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած անձինք. նրանց համար պետությունը ծախսերի 70 տոկոսը կփոխհատուցի:

Բացի այդ, շահառուներին կտրամադրվեն վարկեր՝ 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ զինվորական պարտականությունները կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձանց և սահմանամերձ համայնքների բնակիչների համար՝ 0 տոկոսով:

Ծրագրով նախատեսված են երեք տարբեր չափի «խելացի» անասնաշենքերի մոդելներ՝

— 20-25 գլուխ անասունի համար նախատեսված շենքի համար ծախսերը չեն կարող գերազանցել 30 մլն դրամը,

— 40-45 գլուխ անասունի համար՝ մինչև 46 մլն դրամ,

— 95-100 գլուխ անասունի համար՝ առավելագույն ծախսը 114 մլն դրամ:

Ծրագրի մեկնարկից՝ 2019 թվականից ի վեր, ստացվել է 413 դիմում, սակայն պայմանագրեր կնքվել են ընդամենը 103-ի հետ, իսկ կառուցվել է ընդամենը 58 անասնաշենք։ Այս ցուցանիշները մտահոգիչ են հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ այս ընթացքում պետական բյուջեից ծրագրին ուղղվել է մոտ 925 միլիոն դրամ՝ միայն անասնաշենքերի կառուցման համար։ Տոհմային խոշոր եղջերավոր անասունների ներկրման և սուբսիդավորման ծրագրի շրջանակում ևս տրամադրվել է մոտ 598 միլիոն դրամ։ Բայց, ինչպես փաստում են պաշտոնական թվերը, այս ներդրումները լուրջ արդյունքներ չեն տվել։

Ավելին, վիճակագրությունը ցույց է տալիս, որ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը Հայաստանում նվազել է մոտ 17․8 տոկոսով։ Եթե 2020 թվականին ունեինք 579․300 գլուխ, ապա 2024 թվականի հունվարին՝ արդեն 491․600։ Այսինքն, չնայած հսկայական պետական աջակցությանը, ոլորտը շարունակում է անկում ապրել։