
Մասիս համայնքում մեկնարկել է ջեռուցման ռադիատորների արտադրություն․ ներդրվել է 4 միլիոն դոլար
Մասիս համայնքում մեկնարկել է ալյումինե ջեռուցման ռադիատորների նոր արտադրություն։
Ձեռնարկության տարեկան արտադրության ծավալը կհասնի մինչև 2.5 միլիոն ջեռուցման ռադիատորի, որի արդյունքում տարեկան մոտ 3000 տոննա ալյումինե ջարդոն կվերամշակվի և կվաճառվի՝ դառնալով ավելի բարձր ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրանք։
Արտադրանքը կարող է բավարարել ինչպես Հայաստանի ներքին պահանջարկը, այնպես էլ ապահովել արտահանման զգալի ծավալ։ Ընկերությունն ունի ընդհանուր առմամբ 780 աշխատակից, որոնցից 120-ը կներգրավվեն այս գործարանում՝ արտադրական գործընթացի լիարժեք մեկնարկից հետո։ «Ասկե Գրուպ» ընկերությունը արտադրամասի կառուցման համար ներդրել է շուրջ 4 մլն դոլար։