ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում միջին աշխատավարձը չի համընկնում կյանքի արժեքի հետ

Հայաստանում միջին աշխատավարձը շարունակում է մնալ տնտեսական և սոցիալական վերլուծությունների առանցքում։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 278,294 դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 4.2%-ով։ 2024 թվականի հունվար–սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում այն կազմել է 280,300 դրամ՝ 6.6%-ով ավելի 2023-ի համեմատ։

Թվերը, սակայն, իրական պատկերն ամբողջությամբ չեն բացահայտում։ Աշխատավարձի աճի տեմպերն աստիճանաբար նվազում են։ Եթե դիտարկենք վերջին երկու տասնամյակը, ապա աշխատավարձն աճել է հնգապատիկ, սակայն գնաճը և փոխարժեքի տատանումները զգալիորեն ազդել են իրական եկամտի վրա։

Տնտեսության ամենաբարձր վարձատրվող ոլորտներն են տեղեկատվական տեխնոլոգիաները, ֆինանսներն ու ապահովագրությունը, ինչպես նաև հանքարդյունաբերությունը։ Մյուս ոլորտներում աճը զգալի չէ, իսկ որոշ դեպքերում՝ գրեթե աննշան։

Արժույթի արժևորման հետևանքով աշխատավարձի դոլարային արտահայտությունը կարող է աճել, սակայն ազգային արժույթով գնահատելը ավելի օբյեկտիվ պատկեր է տալիս։ Դրա օրինակն է նաև մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի և միջին աշխատավարձի համեմատությունը. ՀՆԱ-ի աճը հաճախ ավելի արագ է, ինչը ցույց է տալիս տնտեսական կենտրոնացումը մի քանի ոլորտների կամ խավերի շուրջ։

Հետաքրքիր է նաև տարածաշրջանային համեմատությունը։ Հայաստանի միջին աշխատավարձը՝ Վրաստանի հետ միասին, ԵԱՏՄ և հարակից երկրների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով Ռուսաստանին և Ղազախստանին։ Սակայն կյանքի արժեքի համատեքստում իրավիճակը այլ է։

Ըստ Numbeo պորտալի՝ Հայաստանում ապրելու համար ամսական անհրաժեշտ է միջինում 750 դոլար, մինչդեռ Ռուսաստանում՝ շուրջ 550, Վրաստանում՝ 565, Ադրբեջանում՝ 540 դոլար։ Այսպիսով, Հայաստանը, լինելով ցածր միջին եկամուտ ունեցող երկիր, ցուցաբերում է բավական բարձր կենսապահովման արժեք, որը շատերի համար շարունակում է անհամաչափ մնալ եկամտի մակարդակին։

ԵՄ երկրների համեմատությունը ևս հետաքրքիր պատկեր է տալիս. Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է Բուլղարիայի միջինի մոտ 55%-ը՝ ամենացածրը ԵՄ-ում, իսկ Լյուքսեմբուրգի միջին աշխատավարձից՝ գրեթե տասնմեկ անգամ պակաս։

Հայաստանում միջին աշխատավարձի աճը չնայած շարունակական է, սակայն այն չի համընկնում կյանքի արժեքի աճի տեմպերին։ Բնակչության մեծ մասը շարունակում է բախվել եկամտի և ծախսերի անհավասարակշռությանը, ինչն ուղիղ ազդում է կյանքի որակի վրա։