
Հայկական ԱԷԿ-ում գործարկվել է ժամանակակից սիմուլյատոր 3,4 մլն դոլար արժողությամբ
Հայկական ատոմային էլեկտրակայանում գործարկվել է ժամանակակից լիարժեք սիմուլյատոր (Full Scope Simulator, FSM), որի արժեքը կազմում է շուրջ 3,4 մլն դոլար։ Նախագիծը իրականացվել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության աջակցությամբ։ Սիմուլյատորը նախատեսված է ԱԷԿ-ի աշխատակիցների պատրաստվածության բարձրացման եւ կայանի անվտանգ շահագործման մակարդակի ամրապնդման համար։
Գործարկման մեկնարկային արարողությանը մասնակցել են Մեծամորի ԱԷԿ-ի ղեկավարությունը, ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԱՄՆ էներգետիկայի նախարարության պատվիրակությունը՝ միջազգային միջուկային քաղաքականության գծով փոխտեղակալ Ալյոշիա Դունկանի գլխավորությամբ։
ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ սա ԱՄՆ-Հայաստան միջուկային ոլորտի ավելի քան քառորդ դար տեւող համագործակցության հերթական հաջող օրինակն է։ «ԱՄՆ էներգետիկայի նախարարության եւ հայկական ԱԷԿ-ի համագործակցության արդյունքում ներդրվել են ամերիկյան առաջատար տեխնոլոգիաներ, ինչը կարեւոր ձեռքբերում է տարածաշրջանային միջուկային անվտանգության տեսանկյունից», – ընդգծել է ԱՄՆ ներկայացուցիչը։
Հայկական ԱԷԿ-ը, որ միակն է Հարավային Կովկասում, տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտ՝ Երեւանից շուրջ 30 կմ հեռավորության վրա։ Այն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 40%-ը։ Կայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2026 թվականը, եւ ներկայումս իրականացվում են աշխատանքներ այն եւս 10 տարով երկարացնելու ուղղությամբ։
Մինչ գործող կայանի ռեսուրսի ավարտը, Հայաստանը դիտարկում է նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը՝ նախատեսելով այն իրականացնել առաջիկա 8-10 տարվա ընթացքում։ Հայկական կողմն այս փուլում ուսումնասիրում է մի քանի երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի փորձը ու տարբեր տեխնոլոգիական լուծումներ։
Մասնավորապես, քննարկվում է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից առաջարկվող 1200 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցման նախնական իրագործելիության հարցը։ Ըստ «Ռոսատոմ»-ի՝ հնարավոր է նաև առաջարկել 50-ից 1000 ՄՎտ հզորությամբ ռեակտորներ՝ ըստ Հայաստանի կարիքների։