
Ինչպես «ավել վճարած» 22 միլիարդ դրամը ժամանակավորապես ջնջեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին խոշոր հարկատուների քարտեզից
Տարիներ շարունակ Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը համարվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2025 թվականի առաջին եռամսյակում անսպասելիորեն դուրս մնաց 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը պարզաբանել է դրա պատճառը՝ նշելով, որ սա տեխնիկական խնդիր է, ոչ թե կոմբինատի գործունեության կրճատում։
2024 թվականի արդյունքներով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ունեցել է իրացումների նվազում 2023 թվականի համեմատությամբ: Այդ պատճառով 2025 թվականի վճարման ենթակա ռոյալթին նվազել է:
2024 թվականի առաջին եռամսյակում կոմբինատը ավելի շատ կանխավճար է կատարել բյուջե, քան անհրաժեշտ էր։ Այդ կանխավճարից մոտ 22 միլիարդ դրամի չափով գումար պետությունը վերադարձրել է կոմբինատին։ Այդ «վերադարձը» տեխնիկապես գրանցվել է որպես մինուսային շարժ, ինչն էլ ԶՊՄԿ-ին ժամանակավորապես դուրս է թողել խոշոր հարկատուների ցանկից։
ԶՊՄԿ-ի պարզաբանմամբ՝ իրենց կողմից վճարվող հարկերը հիմնականում ուղղակի հարկեր են՝ շահութահարկ և ռոյալթի, ոչ թե ավելացված արժեքի հարկ, ինչպես մյուս ընկերությունների դեպքում։ Այդ իսկ պատճառով հաշվետվության մեխանիզմի ամենափոքր շեղումը կարող է զգալի ազդեցություն թողնել կոմբինատի դիրքի վրա։
Հարկ է նշել, որ Զագեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը երեք տարի շարունակ։