
Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին
Իրան-Հայաստան նոր էլեկտրահաղորդման գիծը նախատեսվում է շահագործման հանձնել 2026 թվականին։ Սրա մասին հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը։
Խուդաթյանի խոսքով՝ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, քանի որ դրա գործարկմամբ հնարավոր կլինի եռապատկել դեպի Իրան արտահանվող կամ տարանցվող էլեկտրաէներգիայի ծավալը։ Նոր գիծը կլինի երրորդը, որ կապում է Հայաստանն ու Իրանն։ Նախագիծն իրագործում է իրանական «Sunir» ընկերությունը, որի ֆինանսական խնդիրները տարիներ շարունակ հետաձգել են շինարարությունը։ Տասը տարի առաջ մեկնարկած աշխատանքները վերջին շրջանում զգալիորեն արագացել են։ Միաժամանակ կառուցվում են ինչպես բուն գիծը, այնպես էլ սպասարկող ենթակայանները։
Նախարարը տեղեկացրել է, որ ներկայում Գորիսի հատվածում տեղադրվում են հենասյուներ, իսկ առաջիկայում կսկսվի լարերի ձգումը։ Կառավարությունը ձգտում է ավարտին հասցնել շինարարությունը 2025 թվականի վերջին։
Հիշեցնենք, որ 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը կունենա ժամում 1200 մեգավատ հզորություն։ Դրա ընդհանուր երկարությունը Հրազդանից մինչև Իրանի սահմանը կկազմի 280 կմ։ Սյունիքի մարզում կկառուցվի 400 կՎ ենթակայան։ Բացի այդ՝ նախատեսվում է ևս մեկ գիծ կառուցել Վրաստանի հետ սահմանի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ նոր գծերի կառուցումից հետո Հայաստանը կկարողանա էլեկտրաէներգիա արտահանել երկու ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնություն և Իրան։