
Հիփոթեքային հարկի վերադարձը 2026-ին կգերազանցի 100 միլիարդ դրամը
Հայաստանում հիփոթեքային եկամտահարկի վերադարձի ծավալը 2026 թվականին առաջին անգամ կգերազանցի 100 միլիարդ դրամը։ Սրա մասին խորհրդարանում հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով 2024 թվականի բյուջեի կատարողականը։
Նրա խոսքով՝ 2023 թվականին հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին վերադարձվել է շուրջ 68.6 միլիարդ դրամ։ Այն 2022-ի ցուցանիշը գերազանցում է 32 տոկոսով։ Կոմիտեն կանխատեսում է, որ 2025 թվականին վերադարձը կհասնի 95 միլիարդի, իսկ 2026-ին՝ կհատի 100 միլիարդի շեմը։ Դրանից հետո համակարգի ծավալները կսկսեն նվազել։
Հակոբյանը նշել է, որ հարկային վերադարձը շարունակում է աճել, չնայած նրան, որ ծրագիրը որոշ փուլերում արդեն սահմանափակվում է։ Մասնավորապես՝ 2025 թվականից այն այլևս չի գործում Երևանում կառուցվող նոր շենքերի համար։ Սակայն քաղաքացիները շարունակում են գնել արդեն կառուցված բնակարաններ։ Դրա արդյունքում համակարգը դեռ շարունակում է գործել։
Հիշեցնենք, որ Երևանի մի շարք շրջաններում արդեն չեն կարող օգտվել եկամտային հարկի վերադարձից: Օրինակ` Կենտրոնում, Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի որոշ հատվածներում օրենքն այլևս չի գործում: 2025 թվականի հունվարի 1-ից օրենքը չի գործում Երևանում ձեռք բերվող գույքի համար, իսկ մարզերում այս հնարավորությունից կարելի է օգտվել մինչև 2029 թվականը ներառյալ։ Բացի այդ, 2025-ից սկսած՝ մեկ եռամսյակի ընթացքում վերադարձվող եկամտահարկի գումարը սահմանափակվելու է 750 հազար դրամով։