ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում խոշոր բեռնատարներն առանց GPS սարքի չեն կարողանա տեխզննում անցնել

Հայաստանում խոշոր բեռնատարների վրա GPS սարքեր տեղադրելն առաջիկայում կդառնա պարտադիր։ Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ։

Նախարարության կողմից մշակված նախագծով առաջարկվում է, որ առանց GPS սարքի առկայության՝ 5 կամ 8 տոննայից բարձր բեռնատարողությամբ մեքենաները չկարողանան անցնել տեխնիկական զննում։ Խուդաթյանի խոսքով՝ այս միջոցառումը հնարավորություն կտա վերահսկել, թե արդյոք բեռնատարների վարորդները շրջանցում են մայրուղիներում տեղադրված կշեռքները և խուսափում վերահսկողությունից։

GPS սարքերը թույլ կտան իրական ժամանակում հետևել բեռնատարի տեղաշարժին։

Նախարարը ընդգծեց, որ հանրապետության ճանապարհներն արագ քանդվում են են հանքավայրերից եկող գերծանրաբեռնված բեռնատարների պատճառով։ Խնդիրը լուրջ է ոչ միայն մարզերում, այլև Երևանի մերձակայքում։

Բացի այդ, նախատեսվում են փոփոխություններ «Ընդերքօգտագործման մասին» օրենքում, որոնց նպատակն է ապահովել ավելի արդյունավետ վերահսկողություն ոլորտում։ Խուդաթյանը հավելեց, որ վերջին շրջանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնաբերել է բազմաթիվ ապօրինի հանքային գործունեության դեպքեր։