ՀայաստանՏնտեսություն

Հայաստանը աջակցություն ստացող երկրից դառնում է հովանավոր երկիր

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ընդգրկվել է Ասիական զարգացման հիմնադրամի դոնոր երկրների շարքում։ Հայաստան շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել տասներեքերորդ կանոնավոր համալրման շրջանակների շուրջ 5 միլիարդ դոլար ներդրման ծրագրում։

Այս քայլով Հայաստանը աջակցություն ստացող երկրի կարգավիճակից անցում է կատարել դեպի հովանավոր երկիր։ Այս գործընթացի միջոցով Հայաստանը կկարողանա ոչ միայն ստանալ ֆինանսական աջակցություն, այլև օգնել այլ զարգացող երկրներին՝ խթանելով կայուն ենթակառուցվածքների կառուցումն ու սոցիալական զարգացման ծրագրերը։

Հիմնադրամի 13-րդ համալրման արդյունքում արդեն հինգ երկրներ, այդ թվում նաև Ադրբեջանը, դարձել են դոնոր երկրներ։

Ասիական զարգացման հիմնադրամը ստեղծվել է 1974 թվականին՝ որպես Ասիական զարգացման բանկի արտոնյալ վարկավորման մեխանիզմ, որը ցածր տոկոսադրույքներով ֆինանսավորում է աջակցության կարիք ունեցող անդամ երկրներին՝ նպաստելով աղքատության կրճատմանը և կյանքի որակի բարելավմանը: Հիմնադրամի գործունեության շնորհիվ տարածաշրջանում օրական 2.15 դոլարից պակաս եկամուտ ունեցող աղքատների թիվը 1974 թվականից ի վեր կտրուկ նվազել է՝ 1 միլիարդից հասնելով 200 միլիոնի: Հիմնադրամը վարկեր և դրամաշնորհներ է տրամադրում 36 զարգացող երկրներին՝ ապահովելով տնտեսական կայունություն և զարգացման աջակցություն։

Ասիական զարգացման բանկը Հայաստանի հետ համագործակցում է 2005 թվականից ի վեր։ Այն ներդրումներ է իրականացրել ինչպես Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման, այնպես էլ առողջապահության, աղքատության կրճատման և այլ ոլորտներում։