ՀայաստանՏնտեսություն

Հայկական բեռնատարների անցումը Վրաստանով կրկին դանդաղել է

Հայաստանի բեռնատարների անցումը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան կրկին դանդաղել է։ Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ որոշ ժամանակ բեռնատարները ընդհանրապես չեն կարողացել անցնել, այնուհետև մեկ-երկու օրով իրավիճակը բարելավվել է, սակայն այժմ նորից էապես դանդաղել է անցումը․ անցում են իրականացնում օրական միայն մի քանի մեքենա։

Նա նաև տեղեկացրեց, որ նախարարությունն ու ՊԵԿ–ը մշտապես տվյալներ են ստանում վրացի գործընկերներից՝ Հայաստանից Ռուսաստան ուղևորվող բեռնատարների շարժի վերաբերյալ։ Վրաստանի կողմից այսօր ուղարկվել է նամակ, և ինչպես վստահեցրել են գործընկերները, առաջիկայում սպասվում է հեռախոսազրույց՝ խնդրի մանրամասն քննարկման համար։

Վերջին օրերին Վրաստանը մի շարք խնդիրներ է ստեղծել Հայաստանից դեպի այլ երկրներ իր տարածքով արտահանվող ապրանքների համար։ Կառավարությունը և տնտեսվարողները պարբերաբար արձագանքում են, որ արգելքներ և խիստ մաքսատուրքեր են սահմանվել մի շարք ապրանքների վրա՝ ծաղիկներ, կոնյակ, տեքստիլ, ալյումին։