
Իրանի ու Իսրայելի հակամարտությունը հարվածում է Հայաստանի տնտեսությանը
Իրանի և Իսրայելի միջև սրվող ռազմական լարվածությունը, որն այս օրերին միջազգային ուշադրության կենտրոնում է, լուրջ մտահոգություն է առաջացրել նաև Հայաստանի տնտեսվարողների շրջանում։ Տարածաշրջանային այս ճգնաժամը բացասական անդրադարձ է ունենում հատկապես առևտրային և լոգիստիկ ոլորտների վրա՝ Հայաստանը դարձնելով անուղղակի, բայց զգալի ազդեցության կրող։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ազգային ժողովում հայտնել է, որ մի շարք հայկական բեռներ ներկայում կանգնած են Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում՝ չկարողանալով լքել նավահանգիստը կամ շարունակել ուղին։ Բեռների մի մասն էլ պարզապես կանգնած է ճանապարհներին՝ այսպիսով խաթարելով առևտրային գործունեությունն ու ներմուծման գործընթացները։ Այս խնդիրները, նախարարի հավաստմամբ, առաջին հերթին զգում են այն տնտեսվարողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից են ապրանքներ ներմուծում։
Թեև նախարար Պապոյանը նշել է, որ այս խոչընդոտները մասամբ են վերաբերում Հայաստանին, այնուամենայնիվ նա ընդգծել է, որ ցանկացած երկարաձգվող լարվածություն կարող է լուրջ վնաս հասցնել տեղական տնտեսությանը։
Հուսով ենք՝ բարեկամ Իրանի տարածքով ազատ առևտրի հնարավորությունը կվերականգնվի, ինչպես նախկինում էր։ Սա չափազանց կարևոր է մեզ համար՝ հատկապես հաշվի առնելով ցամաքային փակուղային վիճակում գտնվելը, — ասել է Պապոյանը։
Իրանը միջին հաշվարկով կազմում է Հայաստանի միջազգային առևտրի շուրջ 30%-ը։ Եվ եթե նախկինում այդ հարաբերությունը ընկալվում էր որպես կայուն և փոխշահավետ համագործակցություն, ապա ներկայիս ռազմական լարվածության պայմաններում այն վերածվում է անկանխատեսելի ռիսկեր կրող գործոնի։ Կարևոր է նշել, որ հայկական արտաքին առևտրում Իրանի դերը միայն լոգիստիկ չէ․ այն ներառում է նաև էներգետիկ համագործակցություն և սահմանի մոտ գործող մի շարք արդյունաբերական ոլորտներ։